Նոյեմբերի 4-ին և 6-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) նախաձեռնությամբ անցկացվել է երկօրյա կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում արևային (ՖՎ) կայանների և էլեկտրական մեքենաների մարտկոցների թափոնների կառավարման նախապատրաստում» խորագրով։
Արևային կայանների և էլեկտրական մեքենաների մարտկոցների թափոնների կառավարման վերաբերյալ երկօրյա քննարկմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում Grant Thornton Armenia («Գրանթ Թորնթոն Հայաստան») խորհրդատվական ընկերությունը և «Ամերիա» ՓԲԸ-ն (ենթախորհրդատու՝ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ) ներկայացրել են ոլորտում իրականացված իրենց ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև համապատասխան միջազգային փորձը։
Հանդիպումներն անցել են ակտիվ և բովանդակալից մթնոլորտում։ Մասնակիցները քննարկել են ոլորտի առկա մարտահրավերները, թափոնների կառավարման օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումները, պետական մարմինների դերերն ու պատասխանատվությունները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության հնարավորությունները։ Նրանք փոխանակել են մասնագիտական կարծիքներ և ներկայացրել առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ։
Քննարկումները կարևոր հարթակ են հանդիսացել պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդման, տարբեր շահագրգիռ կողմերի դիրքորոշումների համադրման և հետագա համագործակցության հնարավորությունների բացահայտման համար։
Միջոցառումն անցկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund, GCF) աջակցությամբ իրականացվող «Էլեկտրոնային թափոնների համապարփակ համակարգի ներդրում՝ արևային էներգիայի և էլեկտրական շարժունակության շուկաների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով» ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ձևավորել արևային ֆոտովոլտային կայանների և էլեկտրական մեքենաների մարտկոցների շահագործման ժամկետի ավարտից հետո առաջացող թափոնների կառավարման ամբողջական և արդյունավետ համակարգ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը, վերականգնվող էներգետիկայի և էլեկտրական շարժունակության ոլորտների կայուն զարգացմանը։
Ստորև ներկայացված են զեկույցները։
նկարներ
Արևային ՖՎ վահանակների և էլեկտրական մեքենաների մարտկոցների թափոնների կառավարումը Հայաստանում․ մարտահրավերներ և զարգացման հնարավորություններ
Արևային կայաններից և էլեկտրական մեքենաների մարտկոցներից գոյացող էլեկտրոնային թափոններ
Էլեկտրոնային թափոններից տնտեսական արժեքի ստեղծում
Հայ
Eng