Հայաստանի վերականգնվող էներ-գետիկայի և էներգախնայողու-թյան հիմնադրամը գործունեու-թյունը սկսել է 2005թ. նոյեմբերից և իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգե-տիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը։

 

Հանրային իրազեկման ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Հիմնադրամի կողմից իրականացվող Քաղաքային ջեռուցման (ՔՋԾ) և Գազի ու ջերմամատակարարման ծրագրերին առնչվող հարցերում, նպաստել անապահով ընտանիքներին դրամաշնորհների հատկացման գործընթացի ճիշտ ընկալմանը հասարակության շրջանում՝ խթանելով սահմանված չափանիշներին համապատասխանող ընտանիքների կողմից Հիմնադրամին ներկայացվող դիմումների թվաքանակի ավելացմանը։

Հաճախ տրվող հարցեր

1. Ի՞նչ նպատակ է հետապնդում Քաղաքային ջեռուցման ծրագիրը։

2. Ի՞նչ բաղադրիչներից է կազմված Քաղաքային ջեռուցման ծրագիրը:

3. Ի՞նչ է ենթադրում մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների ներդրումը։

4. Այնուամենայնիվ, գազի միջոցով ջեռուցման դեպքում անվտանգության ի՞նչ լրացուցիչ միջոցներ կարելի է ձեռնարկել։

5. Ինչպիսի՞ն է ջեռուցման նոր տեխնոլոգիաների օգտակար գործողության գործակիցը։

6. Ովքե՞ր են Քաղաքային ջեռուցման ծրագրի հնարավոր շահառուները:

7. Հանրապետության ո՞ր բնակավայրերում են իրականացվում Հիմնադրամի ծրագրերը։

8. Ինչո՞ւ է Երևան քաղաքը դուրս մնացել Քաղաքային ջեռուցման ծրագրերից։ Չէ՞ որ Երևանում է կենտրոնացած բազմաբնակարան շենքերի մեծ մասը։

9. Ինչպե՞ս է իրականացվում շահառուների վարկավորումը։

10. Ո՞ւմ և ինչպե՞ս դիմել վարկավորում ստանալու համար։

11. Ի՞նչ նպատակի են ծառայում ենթավարկերը։ Ո՞ւմ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով են դրանք տրամադրվում։

12. Այսօր Հայաստանի բազմաբնակարան շենքերի բնակարանները ջեռուցվում են մի շարք տարբերակներով՝ գազի վառարան, փայտի վառարան, էլեկտրական ջեռուցիչ և այլն։ Սրանցից ո՞րն է ամենաարդյունավետ տարբերակը և ինչո՞ւ։

13. Ի՞նչ է ջեռուցման կապիտալ դրամաշնորհը, ո՞ւմ և ինչպե՞ս է տրամադրվում։

14. Ի՞նչ չափանիշներով է ընտրվում անապահով ընտանիքը։ Անապահովությունից բացի ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ կապիտալ դրամաշնորհ ստանալու համար։

15. Ի՞նչ է համաֆինանսավորումը։ Հիմնադրամի կողմից իրականացվող ո՞ր ծառայություններն են ենթադրում համաֆինանսավորում։

16. Որո՞նք են Հիմնադրամի ծրագրի իրականացմանը մասնակից կազմակերպությունները։

17. Ի՞նչ դերակատարում է վերապահված տեղական ինքնակառավարման մարմիններին։

18. Ո՞ւմ և ինչպե՞ս դիմել կապիտալ դրամաշնորհ ստանալու համար։

19. Ի՞նչ է ենթադրում Գազի և ջեռուցման ծրագիրը։

20. Ովքե՞ր կարող են դառնալ Գազի և ջեռուցման ծրագրի շահառու, ի՞նչ պայմանների առկայության դեպքում։

21. Ի՞նչու է կիրառվում ընտանիքի անապահովության ցուցանիշը, ինչո՞վ է այն բնութագրական Ծրագրի համար։

22. Ո՞ւմ պետք է դիմել գազի և ջեռուցման ծրագրում ընդգրկվելու համար։ Ի՞նչ ճանապարհ է անցնում դիմումից մինչև ջեռուցում գործընթացը։

23. Արդյո՞ք համաֆինանսավորումը պարտադիր պայման է ծրագրում ընդգրկվելու համար։ Կա՞ն արդյոք համաֆինանսավորման այլ աղբյուրներ, եթե անապահով ընտանիքը ի վիճակի չէ մուծել պահանջվող գումարը:

24. Համաֆինանսավորումից բացի լինո՞ւմ են արդյոք այլ վճարումներ, որոնք կարող են առաջանալ ծրագրում ընդգրկվելուց հետո։

25. Ո՞ր դեպքում Հիմնադրամը կարող է կասեցնել օժանդակության տրամադրումը։ Վերահսկողության ի՞նչ մեթոդներ են իրականացվում։

26. Ո՞ր դեպքերում և ի՞նչ պատճառով կարող են մերժվել անապահով ընտանիքների դիմումները։

27. Հանրապետության ո՞ր բնակավայրերում է իրականացվում Գազի և ջեռուցման ծրագիրը և մինչև ե՞րբ է այն գործելու։

28. Ի՞նչ կազմակերպություններ են մասնակցում ծրագրի իրականացմանը։ Հիմնադրամը վերահսկո՞ւմ է արդյոք դրանց գործունեությունը։

29. Շահառուն ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով կարող է տեղեկանալ դիմումի ընթացքի և ծրագրի իրականացման գործընթացի մասին։

30. Ի՞նչ է դպրոցների ջեռուցման ծրագիրը։

31. Ինչպե՞ս է կատարվում դպրոցների ընտրությունը։

32. Հիմնադրամի կողմից քանի՞ դպրոցներում է իրականացվել ջեռուցման ծրագիրը։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել

33. Ի՞նչ պետք է իմանան ջեռուցվող դպրոցների կոլեկտիվները ջեռուցման նոր համակարգերի մասին։

34. Որ՞ոնք են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները կամ դոնորները։

35. Ի՞նչ այլ ծրագրեր է իրականացնում Հիմնադրամը։

36. Որտեղի՞ց կարելի է տեղեկատվություն ստանալ Հիմնադրամի գործունեության մասին։ Ու՞մ և ինչպե՞ս դիմել ծրագրի շահառուներին հուզող այլ հարցերի, խոչընդոտների առկայության դեպքերում։

Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամ – համառոտ ակնարկ.
1998թ. աղետալի երկրաշարժից և հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո` տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի ընթացքում գրեթե հիմնովին քայքայվեց Հայաստանի ջերմամատակարարման համակարգը։ Ճիշտ է, երբեմնի կենտրոնացված ջեռուցումը ինչ-որ չափով գոյատևեց մինչև 2005թ., սակայն քաղաքային բնակչության զգալի մասը չէր օգտվում և դրանից և տաք ջրամատակարարումից։
Երկիրը ճգնաժամից հանելու համար կառավարությանն անհրաժեշտ էին մեծ ֆինանսական միջոցներ։ Դրա համար Հայաստանը դիմեց միջազգային այնպիսի կազմակերպությունների օգնությանը, ինչպիսին է Համաշխարհային բանկը: Ունենալով  զարգացող երկրներին օգնելու, այդ երկրներում աղքատության մակարդակը նվազեցնելու  և այդ երկրների զարգացմանը նպաստեու առաքելություն, Համաշխարհային բանկը դրսևորեց պատրաստակամություն և այժմ համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետությանը տրամադրելով դրամաշնորհներ և արտոնյալ պայմաններով վարկեր Հայաստանում աղքատությունը նվազեցնելու և կայուն տնտեսական աճ ապահովելու համար:
Հայաստանը, չունենալով սեփական վառելիքային ռեսուրսներ, պարտադրված է առավելագույնս արդյունավետ տնօրինելու առկա էներգետիկ միջոցները: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը որդեգրել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների ռազմավարական գերակայությունը։ Նշված ոլորտներում ներդրումների խթանման, քաղաքականության սահմանման համար անհրաժեշտ ուսումնասիրություն կատարելու և այդ քաղաքականության շարունակական իրականացման համար կառավարությունը կարևորելով անժամկետ գործող ոչ-պետական կազմակերպության հիմնումը` ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի թիվ 799-Ն որոշմամբ հիմնադրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2005թ. նոյեմբերից: Սակայն այն ՀՀ կառավարության հանձնարարությամբ արդեն իրականացնում է վարկային և դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը: Այդ ծրագրերից են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային ջեռուցման վարկային ծրագիրը, Վերականգնվող էներգետիկայի վարկային ծրագիրը, "Գլոբալ բնապահպանական միջոցառումներ" հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ` Վերականգնվող էներգետիկայի դրամաշնորհային ծրագիրը և "Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերություն" հավատարմագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ` Գազի և ջեռուցման դրամաշնորհային ծրագիրը:
Հիմնադրամը նպատակ ունի դյուրացնել ներդրումներն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում և նպաստել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը և մշակել անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:
Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է` ՀՀ վարչապետի, ոլորտին առնչվող պետական կառույցների` նախարարություններ, Կենտրոնական բանկ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև մասնավոր և հասարակական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և փորձ: Հոգաբարձուների խորհուրդն իրականացնում է ոչ միայն Հիմնադրամի գործունեության կառավարում, այլև նրա կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնակցություն է ունենում որոշումների կայացմանը, և անմիջական ազդեցություն ունենում խոչընդոտների վերացմանը և նոր ծրագրերի նախաձեռնմանը:

Քաղաքային ջեռուցման ծրագիր

1. Ի՞նչ նպատակ է հետապնդում Քաղաքային ջեռուցման ծրագիրը։

1990-ականների սկզբին արձանագրված շեշտակի անկումից հետո անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգը կառուցվածքային բարեփոխումների է ենթարկվել և զգալիորեն վերականգնվել է։ Այդուհանդերձ, ջեռուցման բնագավառի առաջընթացը չի կարելի բավարար համարել: Կենտրոնացված ջեռուցման համակարգերի մեծ մասը, որոնց միջոցով ապահովվում էին քաղաքային բազմաբնակարան շենքերի և հանրային շինությունների ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը, 1992 թվականից ի վեր չեն գործում: Այն փոքրաթիվ համակարգերը, որոնք նախորդ մի քանի տարիներին ձմռան սեզոնին ջեռուցման ծառայություն էին մատուցում բնակչության ոչ ավելի, քան 10 տոկոսին, 2003 թվականին վերջնականապես փլուզվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը դադարեցրեց վառելիքի ձեռքբերման նպատակով կատարվող զգալի դոտացիոն հատկացումները: Հայաստանի բնակչությունը, այդ թվում նաև ավելի քան 65 տոկոս կազմող և բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքային բնակչությունը ներկայումս անհատապես է լուծում ջեռուցման խնդիրը` հիմնականում թանկարժեք էլեկտրականության, շրջակա միջավայրն աղտոտող պինդ վառելիքի, իսկ վերջերս արդեն ավելի ու ավելի շատ` բնական գազի միջոցով: Բազմաթիվ անապահով ընտանիքներ բնակարանն ընդհանրապես չեն ջեռուցում։ Օրինակ, Երևանի Աղքատության ընտանեկան նպաստի ծրագրի (ԱԸՆԾ) մասնակից տնային տնտեսությունների 16.5 տոկոսը որևէ կերպ չի ջեռուցում բնակարանը:
Բազմաբնակարան շենքերի և դպրոցների ջեռուցման անարդյունավետ, աղտոտող և անապահով տեխնոլոգիաների համատարած կիրառումը հանգեցնում է սպառողների համար լուրջ բացասական հետևանքների, ինչպիսիք են մեծ պարբերական ծախսերը, տեսանելի ծուխը և դրա հետ կապված առողջական ու շրջակա միջավայրի խնդիրները` ինչպես շենքերի ներսում, այնպես էլ դրանցից դուրս : Մեծ անհանգստություն են պատճառում  համակարգի անվտանգության հետ կապված խնդիրները, մասնավորապես.

  1. Լուրջ խնդիր են դարձել գազով և ածխածնի միօքսիդով թունավորման պատճառով մահվան դեպքերը, մարդկանց առողջությանը և շենքերին պատճառված վնասը, հրդեհն ու պայթյունները, որոնց ընդգրկման տիրույթն աճում է երկրի գազաֆիկացման շարունակվող գործընթացին համաքայլ: Օրինակ, 2006 թվականին պայթյունների, հրդեհի և թունավորման դեպքերի քանակը 2003 թվականի համեմատությամբ գրեթե չորս անգամ ավելացել է :
  2. 4-6 ամիս տևող ջեռուցման սեզոնի ընթացքում այդ նպատակով կատարվող ծախսերը զգալի մաս են կազմում տնային տնտեսությունների եկամուտների մեջ և աղքատության ավելացման պատճառ են դառնում: Ձմռան ամիսների ընթացքում ընտանիքի ծախսերի մինչև 50 տոկոսը կազմում են ջեռուցման հետ կապված ծախսերը:
  3. Ջեռուցման նպատակով փայտի լայնածավալ օգտագործումը զգալիորեն արագացնում է անտառազրկման գործընթացը և բացասաբար ազդում մարդկանց, հատկապես` դեռահասների ու ծերերի առողջության վրա: Տնային տնտեսությունների 2002 թվականի հարցման արդյունքներով քաղաքային բնակարաններում ծխի առկայության պատճառով ամեն տարի մինչև 5 տարեկան 100.000 երեխայի հաշվով մահացության դեպքերի թիվը հասնում է 3.467-ի, իսկ 100.000 կնոջ հաշվով դեպքերի թիվը` 120-ի: Ավելին, ըստ հարցման արդյունքների, ծխի առկայությունը հանգեցնում է առողջական խնդիրների, ինչպիսիք են վերին շնչառական ուղիների հիվանդությունը, գլխացավը, աչքի բորբոքումը, վերջույթների ուռուցքը և արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները, որոնք հատկապես տարածված են աղքատ ընտանիքներում:
  4. Պատշաճ ջեռուցման բացակայության պարագայում շատ դպրոցներ ձմռան ամիսներին կամ չեն գործում (2004 թվականին քաղաքային դպրոցներում պարապուրդը կազմել է 1 ամիս), կամ դասերն անցկացվում են ցուրտ կամ ոչ մաքուր օդային պայմաններով դասասենյակներում (անգամ ջեռուցվող դպրոցներում օդի ջերմաստիճանը հաճախ ցածր է 8 աստիճանից), ինչը բացասաբար է ազդում կրթության որակի և սովորողների առողջական վիճակի վրա:

Արդյունավետ, մաքուր, ապահով ու մատչելի ջեռուցման ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը, ընդունելով բազմաբնակարան շենքերի և դպրոցների ջեռուցման անարդյունավետ, աղտոտող և անապահով տեխնոլոգիաների համատարած կիրառման բացասական ազդեցությունը, Աղքատության հաղթահարման ռազմավարության շրջանակում և Համաշխարհային բանկի ու այլ դոնորների աջակցությամբ որդեգրել է Քաղաքային ջեռուցման ռազմավարությունը (ՔՋՌ): Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2002 թվականի թիվ 1384-Ն որոշմամբ: ՔՋՌ-ը սահմանում է Հայաստանի քաղաքային ջեռուցման ոլորտի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների ռազմավարական շրջանակը:
Քաղաքային ջեռուցման ծրագիրն ուղղված է օժանդակելու ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարությանը: Ծրագրի նպատակն է ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ բազմաբնակարան շենքերում և դպրոցներում:

Քաղաքային ջեռուցման ծրագիր

2. Ի՞նչ բաղադրիչներից է կազմված Քաղաքային ջեռուցման ծրագիրը:

Քաղաքային ջեռուցման ծրագիրն ունի առաջին հայացքից տարբեր ուղղվածության բաղադրիչներ, սակայն դրանք փոխլրացնում են միմյանց և ուղղված են Ծրագրի նպատակի իրագործմանը, այսպես.
ա) Առաջին բաղադրիչն ուղղված է ջեռուցման ոլորտում ներդրումների ներգրավման, ինչպես նաև անվտանգ և մաքուր տեխնոլոգիաների կիրառման տարածման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Այդ նպատակով, ի լրումն հասարակության իրազեկման աշխատանքի, Հիմնադրամի կողմից մշակվում են օրենսդրական դաշտի կատարելագործման համար անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգեր, գազի ու ջեռուցման ծառայությունների անվտանգության ստանդարտներ և այլ փաստաթղթեր: Այս բաղադրիչի շրջանակում նաև օժանդակություն է ցուցաբերվում համատիրություններին, ջերմամատա­կարար ընկերություններին և տեղական ֆինանսական հաստատություններին` տրամադրելով համապատասխան մասնագիտական խորհրդատվություն, դրանց կողմից նախաձեռնված ջեռուցման համակարգերի վերականգնման գործընթացների կազմակերպման համար:
բ) Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է ջեռուցման ենթակառուցվածքների ֆինանսավորմանը: Այն ունի երկու հիմնական ուղղություն՝ վարկավորում և դրամաշնորհների տրամադրում:
1. Վարկավորումն իրականացվում է Հիմնադրամի կողմից ընտրված բանկերի միջոցով: Բանկերը ջեռուցման ծառայությունների բարելավման նպատակով բնակարանատերերին տրամադրում են ենթավարկեր թե՛ անհատական բնակարանային ջեռուցման (բնակարանային կաթսա կամ վառարան), թե՛ կոլեկտիվ լուծումներով ջեռուցման (կաթսայատուն մեկ շենքի կամ շենքերի խմբի համար) կազմակերպման համար:
2. Դրամաշնորհը տրամադրվում է քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում ապրող անապահով ընտանիքներին ջեռուցման բարելավման նպատակով:

գ) Ծրագրի երրորդ բաղադրիչն ուղղված է քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնմանը: Այս բաղադրիչով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերականգնում է Երևանից դուրս գտնվող մոտ 100 քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերը: Համակարգերում տեղակայվում են ժամանակակից բարձրարդյունավետ կաթսաներ, որոնք ապահովված են ավտոմատ կարգավորման միջոցներով և վերահսկում են վնասակար արտանետումների թույլատրելի քանակությունը` ապահովելով մաքուր, արդյունավետ և մատչելի ջեռուցում:

3. Ի՞նչ է ենթադրում մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների ներդրումը։

Աշխարհում այսօր կիրառվում են ջեռուցման տարատեսակ տեխնոլոգիաներ: Տարբեր երկրներ, ելնելով իրենց առանձնահատկություններից, կիրառում են կենտրոնացված կամ անհատական բնակարանային, իսկ շատ հաճախ նաև՝ խառը ջեռուցման լուծումներ: Այդ բոլոր տեխնոլոգիաներն ունեն անվտանգության, հարմարավետության և մատչելիության տարբեր աստիճաններ: Ներկայումս Հայաստանի բնակչության մի ստվար մաս օգտվում է փայտի, հեղուկ վառելիքի կամ գազի այրման համար նախատեսված ինքնաշեն վառարաններից կամ այլ էժանագին սարքերից, որոնք սակայն կարող են վտանգի աղբյուր լինել ոչ միայն տվյալ բնակարանի, այլև բազմաբնակարան շենքի այլ բնակիչների համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև վնասակար նյութերի արտանետումը ոչ արդյունավետ այրման հետևանքով և անտառահատումը, ապա այդ սարքերը անդառնալի վնաս են հասցնում բնությանը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ֆինանսավորում է բնական գազով աշխատող բարձր արտադրողական համակարգերի կամ սարքերի (կաթսայատան համակարգեր, անհատական բնակարանային կաթսաներ կամ ջեռուցման վառարաններ) տեղակայումը, որի հետևանքով ջեռուցումը դառնում է՝
ա) համեմատաբար ավելի մաքուր. սարքերը հնարավորություն են տալիս կատարել համեմատաբար լրիվ այրում, որի հետևանքով արտանետումներում գրեթե բացակայում են վնասակար նյութերը,
բ) արդյունավետ. տեղակայվող գազի սարքավորումները ունեն բավականին բարձր արդյունավետություն, այսինքն նույն քանակի ջերմություն ստանալու համար ավելի քիչ վառելիք են սպառում,
գ) ապահով. տեղակայվող գազի սարքավորումները համալրված են անվտանգության ավտոմատ համակարգերով, որոնց շնորհիվ դրանք դառնում են շահագործման համար ապահով,
դ ) մատչելի. բնական գազով ջեռուցումը 2-4 անգամ ավելի էժան է մյուս վառելիքների համեմատությամբ։

4. Այնուամենայնիվ, գազի միջոցով ջեռուցման դեպքում անվտանգության ի՞նչ լրացուցիչ միջոցներ կարելի է ձեռնարկել։

Բնական գազի մատակարարման վերականգնմանը զուգընթաց, հատկապես ձմռան ամիսներին, գրանցվում են դժբախտ դեպքեր` թունավորում, պայթյուն և հրդեհ: Դա վկայում է, որ ջեռուցման նպատակով գազի օգտագործման դեպքում խախտվում են անվտանգության կանոնները: Հարկ է նշել, որ բնակչությունը հիմնականում տեղեկացված է այդ կանոններին և պահանջներին, սակայն շատ հաճախ անտեսում է՝ մի դեպքում վստահ լինելով, որ սարքն անխափան է, մեկ այլ դեպքում՝ նյութական սուղ վիճակից ելնելով` չի կատարում պահանջվող միջոցառումները: Անվտանգության կանոնների պահպանման դեպքում գազի միջոցով ջեռուցումը անվտանգ է:
Գազի անվտանգության ամենատարրական կանոններն են.

    1. տեղադրել միայն գործարանային արտադրության, ՀՀ-ում համապատասխանության հավաստագիր ստացած, անվտանգության ավտոմատ համակարգով համալրված սարքեր,
    2. սարքերի տեղադրումը կատարել միայն համաձայն հրահանգի և անվտանգության կանոնների պահանջների,
    3. ապահովել տվյալ սարքի համար անհրաժեշտ ծխատար և օդատար ուղիների առկայությունը ու վերջիններիս համապատասխանությունը նորմերին,
    4. գազի հոտի, "օդի ծանրանալու" կամ սարքի խափանման դեպքում անմիջապես անջատել սարքը, ինչպես նաև գազի մատակարարումը դեպի սարք, և դիմել "Հայռուսգազարդ" ՓԲԸ համապատասխան տարածքային ստորաբաժանում:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կարևորում է գազի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիաներին, համապատասխան ուսումնասիրություններ է կատարում զարգացած երկրների կողմից ընդունված անվտանգության նորմերը Հայաստանում կիրառելու հնարավորության ուղղությամբ:

5. Ինչպիսի՞ն է ջեռուցման նոր տեխնոլոգիաների օգտակար գործողության գործակիցը։

Հաշվի առնելով սարքավորման տեսակը, ժամանակակից ջեռուցման տեխնոլոգիաների օգտակար գործողության գործակիցը տատանվում է 70-92 տոկոսի սահմաններում: Ընդ որում, անհատական սարքերի ՕԳԳ-ն որպես կանոն ավելի ցածր է, քան կոլեկտիվ լուծումներով ջեռուցման համակարգերինը:

6. Ովքե՞ր են Քաղաքային ջեռուցման ծրագրի հնարավոր շահառուները:

Ծրագիրն ուղղված է հանրապետության քաղաքային բնակավայրերի ջեռուցման խնդիրների լուծմանը։ Հետևաբար, առաջին հերթին շահառու են քաղաքային դպրոցները և բազմաբնակարան շենքերի բնակիչները: Շահառու կարող են լինել անապահով ընտանիքները, ջերմամատակարար ընկերությունները, համատիրությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլոք, ընդ որում յուրաքանչյուր բաղադրիչի ներքո շահառուների ընտրության համար սահմանված են հստակ չափանիշներ: Այնուամենայնիվ, կան գործառույթներ, որոնց դեպքում շահառուների խումբն ավելի ընդարձակ է, օրինակ՝ օրենսդրական բարեփոխումները:

7. Հանրապետության ո՞ր բնակավայրերում են իրականացվում Հիմնադրամի ծրագրերը։

Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնում է ՀՀ ամբողջ տարածքում։ Այնուամենայնիվ, Գազի ու ջեռուցման և Քաղաքային ջեռուցման որոշ բաղադրիչների իրականացման ժամանակ չի նախատեսվում Երևանի ներգրավումը։ Սակայն Երևանում բնակվող անապահով ընտանիքները կարող են օգտվել ջեռուցման կապիտալ դրամաշնորհից կոլեկտիվ լուծումներով ջեռուցման պարագայում (կաթսայատուն մեկ շենքի կամ շենքերի խմբի համար):

8. Ինչո՞ւ է Երևան քաղաքը դուրս մնացել Քաղաքային ջեռուցման ծրագրերից։ Չէ՞ որ Երևանում է կենտրոնացած բազմաբնակարան շենքերի մեծ մասը։

Նկատի ունենալով այդ հանգամանքը, Երևանի համար անհատական ջեռուցումը չի կարելի համարել լավագույն տարբերակը, և առաջիկայում նախատեսվում է որոշ թաղամասերում կենտրոնացված ջեռուցման վերականգնման ծրագրեր, հետևաբար ավելի նպատակահարմար է Երևանում անապահովներին օժանդակել կենտրոնացված կամ առանձին շենքերի համար ջեռուցման համակարգեր տեղակայելիս: Համանման ծրագրերի դեպքում Երևանը կներգրավվի ֆինանսավորվող քաղաքների ցանկում: Այնուամենայնիվ, վարկավորման ծրագրերում առանց սահմանափակման ընդգրկված են շահառուներ նաև Երևանից:

9. Ինչպե՞ս է իրականացվում շահառուների վարկավորումը։

Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակում Հիմնադրամն ուղղակիորեն չի ֆինանսավորում շահառուներին: Վարկավորումն իրականացվում է Հիմնադրամի կողմից ընտրվող ֆինանսական կազմակերպությունների (բանկեր և վարկային կազմակերպություններ) միջոցով: Ֆինանսական կազմակերպություններն ընտրվում են համաձայն սահմանված չափանիշների, որոնք հիմնականում բնութագրում են նրանց համապատասխանությունն օրենսդրական պահանջներին և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվող նորմատիվներին:

10. Ո՞ւմ և ինչպե՞ս դիմել վարկավորում ստանալու համար։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տարեկան երկու անգամ իրականացնում է ֆինանսական հաստատությունների ընտրություն և պայմանագրեր է կնքում պահանջները բավարարող կազմակերպությունների հետ: Ներկայումս Հիմնադրամը վարկավորման պայմանագրեր ունի երեք բանկերի հետ, որոնք են "ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլբանկ" ՓԲԸ, "Կասկադբանկ" ՓԲԸ- և "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ: Հետաքրքրված շահառուները վարկավորման նպատակով կարող են դիմել ընտրված կազմակերպություններին:
Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամը կարող է ապահովել ջեռուցման ծրագրերի կազմակերպման տեխնիկական և ֆինանսական խնդիրների շուրջ մասնագիտական խորհրդատվություն, որը կնպաստի բանկերի համար ընդունելի չափանիշներով գործարար ծրագրերի կազմմանը և որոշակի ռիսկերի նվազեցմանը:

11.  Ի՞նչ նպատակի են ծառայում ենթավարկերը։ Ո՞ւմ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով են դրանք տրամադրվում։

Հիմնադրամի միջոցներից տրամադրված ենթավարկերը ծառայում են Քաղաքային ջեռուցման ծրագրի ընդհանուր նպատակին` մեծացնելու մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանի քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերում: Ենթավարկերը տրամադրվում են ֆինանսական առումով կենսունակ այն ծրագրերի համար, որոնք առնչվում են քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերի համար ջերմային էներգիայի արտադրության և բաշխման, սպառողական նպատակով ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև ջեռուցման նպատակով գազաֆիկացման աշխատանքներին: Դրանք կարող են տրամադրվել տեղական ինքնակառավարման մարմիններին, համատիրություններին, բնակիչների խմբերին, ջերմամատակարար ընկերություններին, գործարարներին: Միևնույն ժամանակ իրականացվում է նաև քաղաքացիների վարկավորում` անհատական ջեռուցման սարքերի ձեռքբերման և տեղակայման նպատակով: Ընդ որում, քաղաքացիներին տրվող վարկը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:
Ակնհայտ է, որ ջեռուցման բարձր հարմարավետություն ապահովվում է այն բնակարաննեորւմ, որոնք ջեռուցվում են բնակարանային ջեռուցիչ կաթսաներով, կենտրոնացված կամ տեղային ջեռուցման համակարգերով: Այս եղանակով ջեռուցվում են բնակարանի բոլոր սենյակները, և ողջ բնակարանում ամբողջ ջեռուցման սեզոնի ընթացքում ապահովվում է միատեսակ ջերմաստիճան:
Նշված եղանակների դեպքում ջեռուցման ծախսերը /հաշվի չառնելով նախնական ներդրումները/ ավելի փոքր են, քան այլ եղանակով ջեռուցելու դեպքում, բացառությամբ գազի բնակարանային վառարանների, որոնք սակայն չեն կարողանում ապահովել բարձր հարմարավետություն:

12. Այսօր Հայաստանի բազմաբնակարան շենքերի բնակարանները ջեռուցվում են մի շարք տարբերակներով՝ գազի վառարան, փայտի վառարան, էլեկտրական ջեռուցիչ և այլն։ Սրանցից ո՞րն է ամենաարդյունավետ տարբերակը և ինչո՞ւ։

Հաշվարկները ցույց են տալիս, որ ձմռան ժամանակաշրջանում մեկ բնակչին բաժին ընկնող ջեռուցման ծախսը գազ օգտագործելու դեպքում /առանց հաշվի առնելու ներդրումները/ մոտ 1.8 անգամ պակաս է փայտի վառարանով, 3.4 անգամ՝ էլեկտրական էներգիայով և մոտ 4.5 անգամ՝ դիզելային վառելիքով ջեռուցելու դեպքում: Այնուամենայնիվ գազով ջեռուցման ծախսը տարբերվում է կախված այն տեխնոլոգիայից, որն օգտագործվում է ջեռուցման համար, մասնավորապես կենտրոնացված ջեռուցման համակարգով, բնակարանային գազի կաթսայով և վառարանով ջեռուցելիս։
Պետք է նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բարձր գազաֆիկացման տեմպերը կարծես թե թելադրում են ջեռուցման բնակարանային գազի վառարանների տարբերակը, սակայն այն չի կարողանում ապահովել անհրաժեշտ հարմարավետություն: Հարցումները ցույց են տալիս, որ այս եղանակով ջեռուցվող բնակարանատերերի մի ստվար մասը դժգոհ է ջեռուցման որակից: Աստիճանաբար մեծանում է բնակարանը գազի կաթսայով ջեռուցող բնակիչների թիվը։ Ճիշտ է, այստեղ պահանջվում են համեմատաբար մեծ ներդրումներ, սակայն բնակիչը բացի հարմարավետ ջեռուցումից ունենում է նաև տաք ջրամատակարարում: Այնուամենայնիվ, այս եղանակը նույնպես մեծ զարգացում չի ունենա, քանի որ այն մատչելի չէ լայն զանգվածների համար: Ինչ վերաբերում է անհատական ջեռուցման և կոլեկտիվ ջեռուցման ծախսերի հարաբերակցությանը, ապա անհատական և կոլեկտիվ լուծումների, համարժեք հարմարավետության պայմանների դեպքում կոլեկտիվ լուծումն ավելի քիչ ծախս է պահանջում: Օրինակ` անհատական կաթսա տեղադրելու դեպքում երեք սենյակ ջեռուցելու համար անհրաժեշտ է ծախսել 15.000-20.000 դրամ ամսական գազի համար և կաթսայի տեղադրման համար մոտ 750.000 դրամ (շահագործման ժամկետը 7 տարի), իսկ կոլեկտիվ լուծման դեպքում այդ ծախսը կկազմի մոտ 20.000-25,000 դրամ ամսական (ջեռուցման ընթացքում) և 200.000 դրամ միանվագ (շահագործման ժամկետը 15 տարի):

13. Ի՞նչ է ջեռուցման կապիտալ դրամաշնորհը, ո՞ւմ և ինչպե՞ս է տրամադրվում։

Քաղաքային ջեռուցման ծրագրի բաղադրիչներից մեկը քաղաքաբնակ անապահով ընտանիքներին ջեռուցման բարելավման նպատակով կատարվող անվերադարձ ֆինանսավորումն է, որը հնարավորություն է տալիս անապահով ընտանիքների բնակարանները միացնել ջեռուցման համակարգին, կամ ֆինանսավորել գազաֆիկացման և վառարանի տեղակայման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է օժանդակել մոտ ութ հազար անապահով ընտանիքների: Ի լրումն Ծրագրի, Հիմնադրամը նույն նպատակով դրամաշնորհ է ստացել նաև "Արդյունքահեն օժանդակության գլոբալ գործընկերություն" հիմնադրամից: Գումարային առումով երկու ծրագրերով կֆինանսավորվի մոտ տասնութ հազար քաղաքաբնակ ընտանիք:
Հիմնադրամն անմիջականորեն կանխիկ գումար չի վճարում ընտանիքներին, այլ վճարում է կատարված աշխատանքի և տեղակայված սարքավորումների արժեքը:

14. Ի՞նչ չափանիշներով է ընտրվում անապահով ընտանիքը։ Անապահովությունից բացի ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ կապիտալ դրամաշնորհ ստանալու համար։

Դրամաշնորհի տրամադրման չափանիշները տարբեր են։ Մի դեպքում դրամաշնորհը տրամադվում է ջեռուցման համակարգին միացնելու, մյուս դեպքում՝ գազաֆիկացնելու ու վառարան հատկացնելու համար: Սակայն երկու դեպքում էլ այդ ընտանիքները պետք է բնակվեն քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում և հանդիսանան բնակարանի սեփականատեր:
Որպես անապահովության չափանիշ հիմք է վերցվում Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածությունը։ Եթե դիմողը բնակվում է քաղաքային համայնքի (բացառությամբ Երևանի) բազմաբնակարան շենքում, որը միացված է բնական գազի մատակարարման գործող ցանցին և դիմելու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ անապահովության գնահատման սանդղակի, ունի 38.01 միավոր, Հիմնադրամը կարող է հատկացնել դրամաշնորհ՝ վառարանի տրամադրման և գազի ցանցին միացման համար։ Եթե դիմողի բազմաբնակարան շենքը միացված է կենտրոնացված ջեռուցման գործող համակարգին (կամ շենքը դեռևս միացված չէ ջեռուցման գործող համակարգին, բայց բնակարանների առնվազն 50 տոկոսը ցանկանում է միանալ տեղային ջեռուցման համակարգին), սակայն դիմողի բնակարանը դեռևս միացած չէ այդ ցանցին և 2006թ. հունվարի 1-ի դրությամբ նա ներգրավված է անապահովության ընտանեկան նպաստի համակարգում, ապա 15.000 դրամ անհրաժեշտ համաֆինանսավորում տրամադրելու դեպքում Հիմնադրամը կհոգա ջեռուցման անցկացման ծախսը։
Ջեռուցման կոլեկտիվ համակարգին միանալու դեպքում ծրագրում կարող են ընդգրկվել բոլոր քաղաքների, այդ թվում Երևանի բնակիչները: Այս դեպքում, անկախ միավորի արժեքից, կարող են օգտվել Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները:
Ինչպես նշվեց, ծրագրին մասնակցելու համար անապահով ընտանիքը պետք է կատարի համաֆինանսավորում: Նրա փոխարեն համաֆինանսավորում կարող է կատարել այլ անձ կամ կազմակերպություն, օրինակ՝ քաղաքապետարանը, համատիրությունը, որևէ հասարակական կազմակերպություն և այլն:

15. Ի՞նչ է համաֆինանսավորումը։ Հիմնադրամի կողմից իրականացվող ո՞ր ծառայություններն են ենթադրում համաֆինանսավորում։

Համաֆինանսավորումը մասնակցություն է ծրագրի կողմից ֆինանսավորվող գործունեությանը: Մասնավորապես Քաղաքային ջեռուցման ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Դպրոցների ջերմամատակարարման համակարգերի վերականգնման համար ՀՀ պետական բյուջեից վճարվում է  աշխատանքների արժեքի քսան տոկոսը: Անապահովներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորվում է նաև հենց անապահովների կողմից: Համաֆինանսավորման նպատակը ոչ միայն շահառուների թվի ավելացումն է ի հաշիվ լրացուցիչ ֆինանսական միջոցների, այլև այն երաշխիք է, որ շահառուները շահագրգիռ են ներդրումները նպատակին ծառայեցնել:
Անապահովներն իրականացնում են 15 հազար դրամ համաֆինանսավորում ջեռուցման համակարգին միացման, ինչպես նաև գազաֆիկացման և վառարանի հատկացման համար: Իսկ եթե ընտանիքը դիմել է միայն գազի միացման կամ միայն վառարանի հատկացման համար, ապա վճարվում է գումարի կեսը` 7500 դրամ: Ծրագրի կանոններն այնպիսին են, որ միայն այդ գումարների վճարումից հետո Հիմնադրամը կարող է ձեռնամուխ լինել օժանդակության հատկացմանը:

16. Որո՞նք են Հիմնադրամի ծրագրի իրականացմանը մասնակից կազմակերպությունները։

Քաղաքային ջեռուցման ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում Հիմնադրամը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ։ Մասնավորապես դրանք քաղաքապետարաններն են, դպրոցները, բանկերը և վարկային կազմակերպությունները։ Բավականին սերտ համագործակցություն է ծավալվել "Հայռուսգազարդ" ՓԲԸ հետ, որը բնակարանների գազաֆիկացման աշխատանքների համար պատասխանատու կառույց է: Մասնավորապես այն կատարում է նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակում անապահով ընտանիքների բնակարանների գազաֆիկացման և վառարանի տեղակայման համար, մրցութային կարգով ներգրավում է գազի միացման, ինչպես նաև վառարանի մատակարարման և տեղակայման աշխատանք կատարող կազմակերպություններ: Հիմնադրամն իր կողմից իրագործվող ծրագրերը հանգամանորեն քննարկում է բոլոր շահագրգիռ կառույցների հետ, այդ թվում խիստ կարևորվում է համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Իրականացվող և նախատեսված գործողությունների վերաբերյալ պարբերական քննարկումները Հիմնադրամին հնարավորություն են տալիս գործելու արդյունավետ և խուսափելու հնարավոր կրկնություններից:

17. Ի՞նչ դերակատարում է վերապահված տեղական ինքնակառավարման մարմիններին։

Թեպետ Հիմնադրամի ծրագրերում որևէ պարտադիր մասնակցություն վերապահված չէ տեղական ինքնակառավարման մարմիններին, այնուամենայնիվ նրանք կարևոր դեր ունեն հատկապես անապահով ընտանիքներին աջակցություն ցույց տալու գործընթացում: Առավել շահագրգիռ քաղաքապետարաններն իրականացնում են բնակիչների իրազեկում տեղական թերթերի և հեռուստատեսության միջոցներով, ընդունում են դիմումներ և դրանք հանձնում Հիմնադրամին, ինչն ազատում է այդ ընտանիքներին լրացուցիչ ծախսերից և հոգսերից: Միևնույն ժամանակ նրանք օժանդակում են Հիմնադրամին տեղերում հանդիպելու հնարավոր շահառուների հետ, կնքելու համապատասխան համաձայնագրեր և պարզաբանումներ ներկայացնելու ծրագրերի ընթացակարգերի, ինչպես նաև անհատական հարցերի վերաբերյալ:
Որոշ քաղաքապետարաններ նույնիսկ ստանձնել են անապահով ընտանիքների փոխարեն ամբողջությամբ կամ մասնակիորեն համաֆինանսավորում կատարելու պարտականությունը:

18. Ո՞ւմ և ինչպե՞ս դիմել կապիտալ դրամաշնորհ ստանալու համար։

Ջեռուցման նպատակով օժանդակություն ստանալու համար անապահով ընտանիքները պետք է դիմեն Հիմնադրամին ուղղակիորեն, քաղաքապետարանի կամ իր ներկայացուցչի միջոցով: Դիմումի ձևերն առկա են բոլոր քաղաքապետարաններում: Դրանք կարելի է ձեռք բերել նաև Հիմնադրամի գրասենյակից կամ ինտերնետային կայքից: Հիմնադրամը, գործընթացը դյուրինացնելու համար քաղաքապետարաններ է ուղարկել հնարավոր շահառուների ցանկը, որն իրենից ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ներգրավված քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի ցանկը: Քաղաքացիները կարող են իրենց բնակավայրի քաղաքապետարանում ճշտել իրենց ընտանիքի ընդգրկված լինելը ցուցակում, որից հետո լրացնեն դիմում և ներկայացնեն Հիմնադրամ:

Գազի և ջեռուցման ծրագիր

19. Ի՞նչ է ենթադրում Գազի և ջեռուցման ծրագիրը։

Ի լրումն Քաղաքային ջեռուցման ծրագրի անապահովներին տրամադրվող կապիտալ դրամաշնորհի, Համաշխարհային բանկի միջոցով Հիմնադրամը նույն նպատակին ուղղված դրամաշնորհ է ստացել "Արդյունքահեն Օգնության Գլոբալ Գործընկերություն" հավատարմագրային Հիմնադրամի կողմից` իրագործելու Գազի և ջեռուցման ծրագիրը: Ծրագրի նպատակն է ջեռուցման որակյալ ծառայությունները հասու դարձնել քաղաքային բազմաբնակարան շենքերում բնակվող անապահովներին;  

20. Ովքե՞ր կարող են դառնալ Գազի և ջեռուցման ծրագրի շահառու, ի՞նչ պայմանների առկայության դեպքում։

Գազի և ջեռուցման ծրագիրն իրականացվում է միևնույն ընթացակարգերով և կանոններով, ինչպես և Քաղաքային ջեռուցման ծրագրի անապահովներին օժանդակության բաղադրիչը: Դրանց շրջանակներում աջակցությունը տրամադրվում է ինչպես անհատական լուծման (վառարանով ջեռուցում), այնպես էլ տեղային/կենտրոնացված ջեռուցման համար:
Յուրաքանչյուր տարբերակի համար սահմանված են որոշակի չափանիշներ: Մասնավորապես անհատական լուծման տարբերակի շահառու կարող են դառնալ քաղաքային համայնքի (Երևանից դուրս) բազմաբնակարան շենքի այն բնակարանատերերը, որոնք ընդգրկված են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում և դիմելու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեն 38,01-ից բարձր միավոր: Կենտրոնացված կամ տեղային ջեռուցման տարբերակի շահառու կարող են դառնալ քաղաքային համայնքի (նաև Երևանի) բազմաբնակարան շենքերի այն բնակարանատերերը, որոնք ընդգրկված են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում` անկախ միավորների մեծությունից:

21. Ի՞նչու է կիրառվում ընտանիքի անապահովության ցուցանիշը, ինչո՞վ է այն բնութագրական Ծրագրի համար։

Ընտանիքի անապահովության ցուցանիշը սահմանվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և գործոնների կիրառմամբ: Հաշվի առնելով, որ այն պարունակում է բազմակողմանի տարրեր` գնահատված բնակիչների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա, մասնավորապես ընտանիքի անդամների թվի, երեխաների քանակի, զոհված կամ հաշմանդման ծնողների, ծնողազուրկ երեխաների, եկամուտների մեծության, ինչպես նաև բնակավայրի կլիմայական և աշխարհագրական և այլ պայմանների վերաբերյալ, և այն որոշակի մեթոդոլոգիական ամբողջականությամբ արտահայտում է ընտանիքի սոցիալական վիճակը, այն գնահատվել է առավել կիրառելի ծրագրի իրականացման համար: Միավորների թիվը սահմանվել է` ելնելով ծրագրի ֆինանսավորման հնարավորությունից:

22. Ո՞ւմ պետք է դիմել գազի և ջեռուցման ծրագրում ընդգրկվելու համար։ Ի՞նչ ճանապարհ է անցնում դիմումից մինչև ջեռուցում գործընթացը։

  • Օժանդակություն ստանալու նպատակով անապահով ընտանիքը դիմում է Հիմնադրամին ուղղակիորեն կամ իր քաղաքապետարանի կամ այլ կազմակերպության միջոցով: Շահառուն իր դիմումի ընթացքի մասին կարող է տեղեկանալ անձամբ կամ իր վստահորդի միջոցով դիմելով հիմնադրամ կամ իր բնակավայրի քաղաքապետարան:
  • Որպես անապահովության չափանիշ հիմք է վերցվում Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածությունը, որի վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
  • Հիմնադրամ ներկայացված բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների պահոցում և ուսումնասիրվում աշխատակիցների կողմից:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ցանկերում չներառված բնակիչների դիմումները չեն դիտարկվում:
  • Թերություններով ներկայացված գործերը թողնվում են ընթացքում` դրանց մասին ծանուցելով քաղաքացուն:
  • Լիարժեք դիմումները  հաստատվում են Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից:
  • Հիմնադրամը վարձում է հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ տրամադրող ընկերություններին` ծխաօդատար անցուղիների թույլատրելության ստուգման նպատակով:
  • Հիմնադրամը պատվիրում է "Հայռուսգազարդ ՓԲԸ"-ին՝ բնակարանների գազաֆիկացման նախագծային աշխատանքների իրականացումը:
  • Վերոնշյալ փուլերում դրական եզրակացության դեպքում դիմողին առաջարկվում է կատարել համապատասխան համաֆինանսավորում.
    • վառարանի տրամադրման և գազի ցանցին միացման համար՝ 15.000 դրամ,
    • վառարանի տրամադրման համար՝ 7500 դրամ ,

Համաֆինանսավորումը կատարվում է Ծրագրում ընդգրկվելուց հետո, համաֆինանսավորումից բացի որևէ այլ վճար չի պահանջվում:
Համաֆինանսավորում կատարած բնակիչների համար Հայռուսգազարդ ՓԲԸ-ի կողմից մրցութային կարգով կնքվում են համապատասխան պայմանագրեր բնակարանների գազաֆիկացման և վառարանների տեղադրման համար: Հայռուսգազարդը և Հիմնադրամը հետևում են աշխատանքների որակով և ժամանակին կատարմանը:

23. Արդյո՞ք համաֆինանսավորումը պարտադիր պայման է ծրագրում ընդգրկվելու համար։ Կա՞ն արդյոք համաֆինանսավորման այլ աղբյուրներ, եթե անապահով ընտանիքը ի վիճակի չէ մուծել պահանջվող գումարը:

Այո, համաֆինանսավորումը ծրագրում ընդգրկվելու պարտադիր պայման է: Այն դեպքում, եթե անապահով ընտանիքը ի վիճակի չէ մուծել պահանջվող գումարը, նրա փոխարեն դա կարող է անել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ (շահառուի համաձայնությամբ): Մասնավորապես որոշ դեպքերում այդ խնդրում օժանդակում են քաղաքապետարանները:

24. Համաֆինանսավորումից բացի լինո՞ւմ են արդյոք այլ վճարումներ, որոնք կարող են առաջանալ ծրագրում ընդգրկվելուց հետո։

Համաֆինանսավորումը կատարվում է Ծրագրում ընդգրկվելուց հետո, համաֆինանսավորումից բացի որևէ այլ վճար չի պահանջվում: Գազի ցանցի անցկացումից և վառարանի տեղադրումից հետո բնակիչը պետք է վճարի միայն իր սպառած գազի արժեքը, ինչպես նաև Հայռուսգազարդ ՓԲԸ-ի տարեկան սպասարկման վճարը:

25. Ո՞ր դեպքում Հիմնադրամը կարող է կասեցնել օժանդակության տրամադրումը։ Վերահսկողության ի՞նչ մեթոդներ են իրականացվում։

Շահառուների կողմից ներկայացված բոլոր դիմումները և կից փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվում են Հիմնադրամի աշխատակիցների կողմից, ապա կատարվում է մոնիթորինգ տեղերում: Ներկայացված փաստաթղթերի հետ որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում ծրագիրը օժանդակությունը կարող է կասեցվել: Գազի անցկացումից և վառարանների տեղադրումից հետո Հիմնադրամը անկախ վերահսկողներ է ներգրավում, որպեսզի ստուգի գազամատակարարման և վառարանի առկայությունը, և ձեռնարկում վերահսկման այլ անհրաժեշտ միջոցներ:

26. Ո՞ր դեպքերում և ի՞նչ պատճառով կարող են մերժվել անապահով ընտանիքների դիմումները։

Անապահով ընտանիքների դիմումները կարող են մերժվել, եթե պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ չեն բավարարում Ծրագրի պահանջները, մասնավորապես շենքը գազաֆիկացված չէ, տվյալ անձը բնակարանի սեփականատերը չէ, կամ բնակարանի գազօգտագործման տեխնիկական պայմաններն անբավարար են: Մերժվում են նաև այն դիմողները, ովքեր արդեն իսկ ունեն տեղային ջեռուցում կամ տեղակայված անվտանգության պահանջներին բավարարող վառարան:

27. Հանրապետության ո՞ր բնակավայրերում է իրականացվում Գազի և ջեռուցման ծրագիրը և մինչև ե՞րբ է այն գործելու։

Ծրագիրն իրականացվում է հանրապետության քաղաքային բնակավայրերում: Անհատական լուծման դեպքում չի ընդգրկվում Երևան քաղաքը: Ծրագիրը գործելու է մինչև 2010 թվականը:

28. Ի՞նչ կազմակերպություններ են մասնակցում ծրագրի իրականացմանը։ Հիմնադրամը վերահսկո՞ւմ է արդյոք դրանց գործունեությունը։

Ծրագրի Անհատական վառարաններով լուծման տարբերակին մասնակցում են "Հայռուսգազարդ" ՓԲԸ-ն և մրցութային կարգով ընտրված գազի միացման, վառարանների տեղադրման և ծխաօդատար ուղիների թույլատրելիության վերահսկման նպատակով ընդգրկված հրշեջ անվտանգություն իրականացվող կազմակերպություններ: Հիմնադրամը իրականացնում է ծրագրի ընդհանուր կառավարումը, իսկ գազի միացման և վառարանների տեղադրման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է "Հայռուսգազարդ" ՓԲԸ: Հիմնադրամը աշխատանքների դիմաց վճարում է` անկախ վերահսկողների կողմից աշխատանքների կատարման վերաբերյալ հավաստիացումից հետո:  

29. Շահառուն ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով կարող է տեղեկանալ դիմումի ընթացքի և ծրագրի իրականացման գործընթացի մասին։

Հիմնադրամը խիստ կարևորում է շահառուների տեղեկացվածությունը իրականացվող գործընթացների վերաբերյալ, և պարտադիր տեղեկացնում է դիմումների հաստատման կամ մերժման մասին, վերջինիս դեպքում նշելով նաև դրա պատճառները: Բացի Հիմնադրամի կողմից ծանուցումը, յուրաքանչյուր հայտատու իր դիմումի ընթացքի մասին կարող է տեղեկանալ անձամբ կամ իր վստահորդի միջոցով` դիմելով Հիմնադրամ կամ իր բնակավայրի քաղաքապետարան: Ընդ որում շահառուները կարող են նաև իրենց բողոքը կամ դժգոհությունն արտահայտել` զանգահարելով կամ այցելելով Հիմնադրամ:
Դպրոցների ջեռուցման ծրագիր

30. Ի՞նչ է դպրոցների ջեռուցման ծրագիրը։

Հայտնի է, որ վերջին տարիներին դպրոցներում ջեռուցման հարմարավետ պայմաններ չլինելու պատճառով էականորեն երկարել են արձակուրդները կամ հարկադիր պարապուրդը: Այն անմիջական բացասաբար է անդրադառնում ոչ միայն կրթության որակի, այլև աշակերտների դաստիարակչական և հոգևոր զարգացման վրա` զրկելով անհրաժեշտ արտադասարանական միջոցառումների, մասնագիտական և այլ խմբակների գործունեության հնարավորությունից: Իսկ ամենից կարևորը, տարբեր վառելիքներով  ոչ կատարյալ ջեռուցումը ազդում է երեխաների առողջության վրա:
ՀՀ կառավարությունը բավականին միջոցներ է հատկացնում խնդրի լուծման համար: Մասնավորապես ՀՀ և ՀԲ միջև կնքված Քաղաքային ջեռուցման ծրագրի վարկի համաձայնագրով նախատեսվել են միջոցներ քաղաքային 100 դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնման համար, ընդ որում ՀՀ պետական բյուջեից կատարվում է համաֆինանսավորում վերականգնման աշխատանքների արժեքի 20 տոկոսի չափով:  

31. Ինչպե՞ս է կատարվում դպրոցների ընտրությունը։

Դպրոցների ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության համար Ծրագրով սահմանված են որոշակի չափանիշներ, որոնցից են.

  • դպրոցը պետք է գտնվի քաղաքային բնակավայրում,
  • Երևանի դպրոցները կդիտարկվեն այլ քաղաքների չափանիշներին բավարարող դպրոցներում աշխատանքներն ավարտելուց հետո
  •  դպրոցի շենքը պետք է չգտնվի վթարային վիճակում
  • գազամատակարարման գործող ցանցը պետք է բավարար չափով մոտ լինի դպրոցին
  • համակարգի վերականգնման համար անհրաժեշտ ներդրումներն ըստ 1 աշակերտի չպետք է գերազանցեն 120 ԱՄՆ դոլարը:

Ծրագրի սկզբում Հիմնադրամը դիմել է բոլոր մարզպետներին` ջեռուցման համակարգերը վերականգնելու անհրաժեշտություն ունեցող և այլ ծրագրերում չընդգրկված դպրոցների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Գրություններ են ուղարկվել նաև Երևանից դուրս գտնվող քաղաքային 181 հանրակրթական դպրոցներ՝ օգտագործվող ջեռուցման տարբերակների մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Դպրոցները ընտրվել են` հաշվի առնելով այն փաստը, որ այդ դպրոցներում չկա գազի վրա հիմնված ջեռուցում: Արձագանք է ստացվել 113 դպրոցներից և բոլոր մարզպետարաններից: Դրանց ամփոփման արդյունքում Հիմնադրամի մասնագետները, այցելելով դպրոցներ, գնահատել են ջեռուցման վերականգնման արժեքը և մեկ աշակերտի հաշվով նվազագույն ծախսի սկզբունքով կատարել ընտրություն: Ընտրված դպրոցների ցանկը քննարկվել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում և նրա կողմից հաստատումից հետո մրցութային կարգով ընտրվել են նախագծման և շինարարական  աշխատանքներ կատարող կազմակերպություններ:

32. Հիմնադրամի կողմից քանի՞ դպրոցներում է իրականացվել ջեռուցման ծրագիրը։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացրել է Երևան քաղաքից դուրս գտնվող 45 դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնումը: Դրա շնորհիվ բարելավվել են մոտ 23000 աշակերտների և ուսուցիչների ուսուցման և աշխատանքային պայմանները: Հիմնադրամը ձեռնամուխ է եղել 50-ից ավել դպրոցներում ծրագրի իրականացմանը 2007թ. ընթացքում:

33. Ի՞նչ պետք է իմանան ջեռուցվող դպրոցների կոլեկտիվները ջեռուցման նոր համակարգերի մասին։

Հիմնադրամը ոչ միայն իրականացնում է համակարգի վերականգնում, այլև ծանոթացնում է դպրոցների ղեկավարներին անհրաժեշտ օրենսդրական, տեխնիկական և ֆինանսական պահանջներին, որոնք կիրառվում են սեփական կաթսայատուն շահագործող կառույցների նկատմամբ: Առնվազն երկու անգամ` առաջինը մինչև նախագծման և վերականգնման աշխատանքները, և երկրորդը` համակարգը գործարկելուց հետո դպրողների տնօրենների հետ անց է կացվում խորհրդակցություն, որի ժամանակ մասնագետների կողմից պարզաբանումներ են տրվում բոլոր հարցերի վերաբերյալ: Բացի այդ, անմիջականորեն Հիմնադրամի մասնագետները աջակցում են համակարգերի օպերատորներին` նրանց ծանոթացնելով թե անվտանգության նորմերին, թե առավել էներգախնայողական ռեժիմներով համակարգի շահագործման սկզբունքներին:
Ջեռուցվող դպրոցները պետք է ծանոթ լինեն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի "Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում" որոշմանը:

34. Որ՞ոնք են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները կամ դոնորները։

Համաձայն կանոնադրության Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ֆինանսական աղբյուրների միջոցով.

  • նվիրատվություններ/դրամաշնորհներ միջազգային ֆինանսական կառույցների կողմից,
  • ֆինանսավորում երկկողմ և բազմակողմ դոնորներից,
  • ֆինանսավորում ՀՀ կառավարության կողմից,
  • սեփական եկամուտներ,
  • այլ աղբյուրներ,
  • իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով Հիմնադրամը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել ցանկացած ֆինանսավորող կառույցից կամ կառավարությունից: Ներկայումս Հիմնադրամի համար դոնոր կազմակերպություն են հանդիսանում՝
  • ՀՀ կառավարությունը,
  • Համաշխարհային բանկը
    • Միջազգային զարգացման գործակալությունը
    • Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը
    • "Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերություն" հիմնադրամը
    • "Գլոբալ բնապահպանական միջոցառումներ" հավատարմագրային հիմնադրամը:

35. Ի՞նչ այլ ծրագրեր է իրականացնում Հիմնադրամը։

Ներկայումս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկի և "Գլոբալ բնապահպանական միջոցառումներ" հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհի օժանդակությամբ իրականացնում է Վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ծրագիրը: Ծրագրի նպատակն է մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող վերականգնվող էներգիայի արտադրության դերը: Այն ունի երկու ուղղություն: Առաջինն ուղղված է ոլորտում ներդրումների խթանմանը, այդ թվում օրենսդրական դաշտի բարեփոխում, վերականգնվող ռեսուրսների գնահատում, տարբեր տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրություն, բնապահպանական դիտարկում, հանրության իրազեկում և այլն:
Երկրորդ ուղղությունը քամու և փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ հզորացման համար հատկացվող երկարաժամկետ վարկային ռեսուրսներն են: Ընդ որում վարկերը հատկացվում են "Կասկադ կրեդիտ" ՈՒՎԿ միջոցով: Վերջինս, ի լրումն Հիմնադրամի կողմից հատկացվող գումարների, նույն նպատակով միջոցներ է ներգրավել իր հիմնադրի՝ "Գաֆեսճյան ընտանիք" հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Արդյունքում նույն նպատակին կհատկացվեն երեք անգամ ավելի միջոցներ:
Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է խթանել ՎԷ` մասնավորապես, փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների ծավալների աճը` տեղանքային հետազոտությունների, ներուժի գնահատման ու ճշգրտման աշխատանքների միջոցով:
Վերջին տարիներին ծավալված մինչև 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը իրավամբ գնահատվում է որպես Հայաստանում ՎԷ ոլորտի զարգացման առաջատար ուղղությունը: Ավելին, ներկայումս հանրապետության ողջ էներգետիկ ոլորտի հենց այս ասպարեզում է առավել ցայտուն դրսևորվում շուկայական մեխանիզմների քարշակ ուժերի դերակատարությունը: Դրանց հիմնականում ներդաշնակում և փոխլրացնում է ոլորտի զարգացման պետական ռազմավարությունը: Սակայն, դեռևս առկա են այս ասպարեզի հետագա զարգացումը դանդաղեցնող մի շարք խոչընդոտներ:

36. Որտեղի՞ց կարելի է տեղեկատվություն ստանալ Հիմնադրամի գործունեության մասին։ Ու՞մ և ինչպե՞ս դիմել ծրագրի շահառուներին հուզող այլ հարցերի, խոչընդոտների առկայության դեպքերում։

Հիմնադրամը ստեղծել է ինտերնետային կայք, որում տեղակայված է ծրագրերի և դրանց ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկատվություն: Ծրագրի շահառուներին հուզող հարցերով կամ ցանկացած խոչընդոտի առկայության դեպքում բոլոր հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները կարող են դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին հետևյալ հասցեով՝ Երևան, Պռոշյան 1-ին նրբ., տուն 32, կամ զանգահարել 545 121 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել էլեկտրոնային փոստին` info@r2e2.am հասցեով: Հիմնադրամի վեբ կայքն է` www.r2e2.am:

 

***
Հետադարձ կապի հասցեներ
0019 Երևան, Հայաստանի Հանրապետություն,
Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32, Հեռ. (37410) 545 121
Էլ.փոստ info@r2e2.am
Վեբ կայք www.r2e2.am

print this page
Copyright© 2007, www.r2e2